Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսաստանի գերձայնային հաղթանակը

Ռուսաստանի գերձայնային հաղթանակը
03.06.2016 | 03:29

Վերջին շրջանում, հատկապես Սիրիայի իրադարձություններին միջամտելուց հետո, ռուսաստանյան լրատվամիջոցներում շատ են հրապարակվում վերլուծական նյութեր, որոնցում հավաստվում է մարդկությանը վաղուց ի վեր հայտնի թեզը՝ քաղաքականության մեջ գլխավորն ուժն է: Ի վերջո, Սիրիայում գործադրելով ռազմական ուժ, ռուսները ամերիկացիներին իսկապես ստիպեցին հաշվի նստել իրենց հետ, և այսօր հնարավոր չէ այդ երկրի իրավիճակի որևէ կարգավորում առանց Ռուսաստանի մասնակցության: Եվ սա մասնավոր պահ չէ:

Ակնբախ է ռուսաց բանակի իրական հզորացումը վերջին տարիներին: Երկրի ռազմարդյունաբերական համալիրը անշեղ վերելք է ապրում, և վստահություն է հայտնվում, որ նա կպայմանավորի նաև առհասարակ տնտեսության համընդհանուր զարգացումը: Սովորական են դարձել նորագույն ռուսական զենքերի ու ռազմական տեխնիկայի ստեղծման, կատարելագործման ու արտադրության վերաբերյալ հաղորդագրությունները: Եվ չնայած Հայաստանում բռնկած հակառուսական տրամադրություններին ու «դաշնակից» հասկացության վերանայման փորձերին, համարձակվում ենք ներկայացնել մասնավորապես հրթիռային տեխնիկայի ասպարեզում տեղի ունեցած հիրավի ուշագրավ մի իրադարձություն: Ի վերջո հնարավոր չէ անտեսել Ռուսաստանը, դա մեր ուժերից վեր է: Վիեննայում Սերժ Սարգսյանի կողքին հենց Սերգեյ Լավրովն էր նստած: Չմոռանանք նաև, որ մեր հայոց բանակի հիմքն էլ է հենց ռուսական զենքը: Բնականաբար, չլինելով ռազմական փորձագետ, ես գերազանցապես հենվում եմ ռուս մասնագետների բերած փաստերի, մեկնաբանությունների, հետևությունների վրա: Բանն այն է, որ համապատասխան պաշտոնական գերատեսչությունները առայժմ զուսպ են իրենց հայտարարություններում: Ըստ երևույթին նրանք գերադասում են այդ թեմայով ծավալվել այդ զենքի սերիական թողարկումն սկսելուց հետո:
Վերջին ժամանակներս, երբ ամերիկացիները, զգալով, որ կորցնում են աշխարհը տնօրինելու իրենց մենաշնորհը, ուժեղացնում են հակաօդային պաշտպանության համակարգը Եվրոպայում և սպառնում իրենց հավանական թշնամիներին ու առաջին հերթին Ռուսաստանին գլոբալ կայծակնային հարված հասցնելու ռազմադրույթով, որով ենթադրվում է գերճշգրիտ ռազմական միջոցներով ուզածդ երկրում մեկ ժամվա ընթացքում զանգվածաբար ոչնչացնել ցանկացած օբյեկտ: Եվ գերձայնային հրթիռների մշակումը տվյալ հիմնադրույթի անկյունաքարերից մեկն է:
Բայց ստացվեց այնպես, որ նման գերձայնային թռչող ապարատի արդյունավետ փորձարկման մասին առաջին հերթին հայտարարեցին ռուսները: Այս տարվա ապրիլի 21-ին ռուսաստանյան Ինտերֆաքս լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Օրենբուրգի մարզում հաջողությամբ արձակվել է PC-18 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ամերիկյան որակավորմամբ՝ «Սթիլետ»)՝ հագեցած գերձայնային թռչող ապարատի տեսքով գործող մարտաբլոկով: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ակադեմիկոս Անդրեյ Կոկոշինը հայտարարեց, որ նման գերձայնային մանևրող բլոկի ստեղծումը միջոց է հաղթահարելու հակաօդային պաշտպանության ցանկացած համակարգ, այդ թվում` այնպիսիք, որոնք կարող են ստեղծվել նույնիսկ 20-30 տարի հետո: Ասել է՝ արդեն այժմ Եվրոպայում ամերիկացիների բավականին թանկ արժեցող ջանքերը կարող են միանգամայն ապարդյուն լինել:
Եթե խուսափենք ռազմագիտական բարդ տերմիններից ու ձևակերպումններից, ապա գերձայնային թռչող ապարատը որևէ նյութական օբյեկտի, օրինակ հրթիռի, ընդունակությունն է մթնոլորտում մանևրելու ձայնի արագությունը մինչև 5-7 անգամ գերազանցող արագությամբ: Ռազմական ասպարեզում դա վաղուց մատչելի է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար, սակայն դրանք նման արագություն ձեռք են բերում միայն տիեզերքում՝ անօդ տարածությունում: Ռազմական ինքնաթիռները այսօր հաղթահարում են 25 կմ բարձրություն, տիեզերական ապարատները՝ մինչև 150 կմ: 20-25-ից մինչև 140-150 կմ ընկած միջանկյալ տարածքը մատչելի չէ ռազմական նպատակների օգտագործման համար: Եվ հենց այդ հատվածն էլ հաղթահարելի է գերձայնային թռչող ապարատների համար:
Ինչն է բնորոշ «Սարմատ» անվանված այս հրթիռներին՝ հեռահարություն, արագություն, ստույգություն, անխոցելիություն, ինչն ինքնին առավել քան կարևոր է զինվորականների համար: Գերձայնային հրթիռը, թռչելով հսկայական արագությամբ, կարող է հողագնդի լայն առումով ցանկացած թիրախ խոցել մեկ ժամվա ընթացքում: Ընդ որում, ամբողջ թռիչքի ընթացքում մանևրելու, կուրսը ճշգրտելու իր եզակի ընդունակությամբ հրթիռը նշանակակետին խփում է մեկ մետրի ճշտությամբ: Իսկ թռչելով մթնոլորտում, պլազմային անպածածկույթում, միանգամայն անմատչելի է դառնում հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգի համար: Եթե նույնիսկ հայտնի դառնա, որ որևէ նման պաշտպանական համակարգ այն հայտնաբերել-գրանցել է, ապա նա չի հասցնի անգամ արձագանքելու-ոչնչացնելու փորձ կատարել: Չափից դուրս մեծ է արագությունը: Իսկ եթե ավելացնենք, որ այդ հրթիռը կարող է կրել նաև միջուկային լիցք, ապա հեշտ է պատկերացնել նրա անկասելի «ոչնչացնող» հզորությունը:
Մասնագետների կարծիքով, գերձայնային զենքի նույնիսկ փորձնական նմուշների ի հայտ գալը խոստանում է իսկական հեղափոխություն դառնալ ռազմական գործում: Այն երկիրը, որը կկարողանա իր բանակը հագեցնել նման սպառազինությամբ, ըստ էության ի վիճակի կլինի ցանկացած ստրատեգիական առաջադրանք լուծելու կարճ ժամկետում՝ նվազագույն ծախսերով: Օրինակ, արագ ու անվերապահ ոչնչացնել ցանկացած երկրի ռազմաքաղաքական ղեկավարություն, պետական կառավարման ենթակառուցվածք, առանցքային ռազմատնտեսական օբյեկտներ և այլն: Ավելի ընդհանրացված՝ գլխատել ցանկացած հակառակորդի, կազմալուծել դիմադրելու և պատասխան հարված հասցնելու նրա ընդունակությունը: Ոչ ռազմագետի համար դժվար է հաստատել այն փաստարկի իսկությունը, որ զինված ուժերի զարգացման ստրատեգիայի վրա իր ազդեցությամբ ու նշանակությամբ այդ նորույթը թերևս կարելի է համեմատել ատոմային ռումբի ստեղծման հետ:
Ըստ երևույթին, ամերիկացիներն առայժմ ռուսներին զգալիորեն զիջում են նշված ասպարեզում և անգամ լիարժեք փորձնական նմուշներ չունեն: Համենայն դեպս, նկատի ունենալով այդ հանգամանքը, ամերիկյան Կոնգրեսում զինված ուժերի համար պատասխանատու որոշ գործիչներ մտահոգություն են հայտնել, որ Ռուսաստանը էապես գերազանցում է ԱՄՆ-ին գլոբալ արագ հարված հասցնելու հնարավորությունների զարգացման հարցում: Ի դեպ, ծրագրված է այս նորագույն տեխնիկայով ռուսական բանակը համալրել մինչև 2020 թվականը:
Անթիվ-անհամար են ռազմական, գիտական, կոնստրուկտորական, ուսումնական և այն մյուս հաստատությունները, որոնք մասնակցել են գերձայնային այս զենքի ստեղծմանը: Ռուսական ռազմական միտքն ու գործը հիրավի աննախադեպ վերածնունդ են ապրում: Եվ դա համարվում է Վլադիմիր Պուտինի մեծագույն ծառայությունը ժողովրդի ու պետության հանդեպ: Այդ ասպարեզում բարձր է գնահատվում նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դերը:
Արժե փնովելու փոխարեն կամ դրա հետ մեկտեղ ինչ-որ բան սովորել նաև «դաշնակցից»:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ